Գնում եմ Մայր դպրոց․․․

Ես Հյուսիսային դպրոց եկել եմ չորրորդ դասարանում ու հասցրել եմ սովորել ընդամենը երկու տարի։ Այդ երկու բովանդակալից տարիները կմնան իմ հուշերում ամբողջ կյանքիս ընթացքում։ Ես շատ բան հասցրեցի սովորել իմ ուսումնառության տարիներին։ Քիչ թե շատ ծանոթացա իմ հայրենիքի գողտրիկ անկյուններին, սովորեցի ազատ ու անկաշկանդ արտահայտվել, լինել ընկերասեր, հարգել ու օգնել մեծերին։ Իմ ուսուցիչների ջանք ու եռանդի, մեծ ու անձնազոհ աշխատանքի շնորհիվ այսօր վստահորեն գնում եմ Մայր դպրոց՝ ինձ հետ տանելով նոր ձեռք բերված լավ հատկանիշներ ու  գիտելիքներ։

Իմ բազմաթիվ ու անմոռաց ճանապարհորդություններից դժվարանում եմ առանձնացնել որևէ մեկը, բայց ամենատպավորիչը թերևս անցյալ տարի օգոստոսին Մարտիրոս գյուղի եռօրյա ճանապարհորդությունն է։ Այդ երեք օրերին մոտիկից ծանոթացա գյուղի կենցաղին։ Ինձ հյուրընկալող ընտանիքի հետ մասնակցեցի բերքահավաքի, առավոտյան նախիրն ուղարկեցի արոտավայր, երեկոյան՝ դիմավորեցի, օրվա վերջում մեծ ուրախությամբ  հավաբնից հավաքեցի ձվերն ու տուն տարա։ Երևան վերադառնալուց հետո երկար ժամանակ դեռ թարմ էին տպավորություններս։

Հետաքրքիր ու հաջողված նախագծեր շատ ենք ունեցել  իմ Հյուսիսում։ Ինձ մոտ առավել  տպավորվել է ամանորյա միջոցառումն ու տոնական վալսը, որը սկզբում չէի համաձայնում պարել, սակայն ի վերջո պարեցի։

Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքներն են՝  գիտակ ու փորձառու ուսուցիչներս, բարեսիրտ ընկերներս, արդեն հարազատ դարձած դասասենյակս, տանիքն ու կավագործության արհեստանոցը, արտասահմանն ու կանաչ բակը։

Շուտով գնալու եմ Մայր դպրոց։  Դեռևս ծանոթ չեմ դպրոցին ու իր կարգ ու կանոնին, բայց հուսով եմ, որ արագ կընտելանամ ։

   

Գնում եմ Մայր դպրոց․․․: Один комментарий

Оставьте комментарий