16․10․2022

Բույսերի բազմացում.
  Հարգելի՛ սովորողներ,  որևէ բույսից կտրոն  առանձնացրեք, դրեք ջրի մեջ, նշեք այն օրը, երբ կտրոնը դրեցիք ջուրը, ուշադիր հետևեք, երբ կհայտնվի առաջին արմատը, նշեք նաև այդ օրը։ Հետո այդ արմատակալած կտրոնը դրեք հողի մեջ և շարունակեք խնամել։ Դուք այս տարբերակով օգնում եք այդ տեսակի բույսի բազմացմանը։ Լավ կլինի նաև նշեք բույսի անունը, եթե գիտեք:
Ընթացքը մաս -մաս նկարեք կամ նկարահանեք, որ կարողանաք տեղադրել բլոգում:
Բույսերի կտրոնով բազմացումը այն է, երբ օգտագործում ենք բույսից կտրված մի հատված, և դնում ենք ջրի մեջ, որպեսզի արմատակալի:  
Տվյալ բույսի  մասին տեղեկություն  հրապարակեք  բլոգում:

Ես ընտրեցի ալոե բույսը։ 09․10․2022 կտրեցի բույսից մի կտրոն և դրեցի ջրի մեջ։3 օր անց նկատեցի առաջին արմատները։Սպասեցի մի քանի օր ,արմատները մի փոքր մեծացան,տնկեցի հողում։

Ալոե

Ալոեն բուժիչ բույս է ։Այս բույսը կա բոլորիս տներում ,քանի որ շատ օգտակար հատկություններ ունի։Ունի հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություն։Օգագործվում է գրիպի,մրսածոթյան ժամանակ,վերքերի բուժման,մարսողական,շնչառական խանգարումների,աղիքային և մի շարք հիվանդությունների բուժման համար։Այն լայն կիրառություն ունի նաև կոսմետալոգիայում։

Նյութերի երեք հիմնական վիճակները

download-2
Կատարելով դիտարկումներ  կհամոզվեք, որ նյութերը հանդես են գալիս տարբեր վիճակներում։ Որոշ նյութեր սովորական պայմաններում հեղուկ վիճակում են, մյուսները՝ գազային, երրորդները՝ պինդ։ Կախված պայմանների փոփոխությունից՝ նրանց վիճակները կարող են փոփոխվել:

Օրինակ՝ ջուրը տնային պայմաններում հեղուկ վիճակում է, սառեցնելիս հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի՝ սառույցի, իսկ տաքացնելիս՝ գազային վիճակի՝ գոլորշու: Սառույցը ջրի պինդ վիճակն է, իսկ գոլորշին՝ գազային: Ոսկին սովորական պայմաններում պինդ վիճակում է, շատ բարձր ջերմաստիճանում հալվում է և վերածվում հեղուկի, իսկ ջերմաստիճանն ավելի բարձրացնելու դեպքում սկսում է եռալ և վերածվել գազի։
Նյութը, կախված պայմաններից, հիմնականում լինում է պինդ, հեղուկ կամ գազային վիճակում։
Դիտարկենք տարբեր մարմիններ և, պարզ փորձեր կատարելով, ծանոթանանք դրանց որոշ հատկություններին։
Վերցնենք ապակուց, երկաթից և պղնձից պատրաստված ձողեր, որոնք սովորական պայմաններում պինդ վիճակում են։ Դժվար չէ համոզվել, որ այդ նույն պայմաններում ինչ դիրքով և որտեղ էլ դնենք այդ ձողերը, դրանք կպահպանեն իրենց ձևն ու ծավալը։
Պինդ մարմինները պահպանում են իրենց ձևն ու ծավալը։
Սա պինդ մարմինների հատկություններից է։
Այժմ դիտարկենք հեղուկները։ Վերցնենք 50 մլ ծավալով որևէ հեղուկ, օրինակ՝ մասուրի հյութ, և լցնենք բաժակի մեջ։ Նա կընդունի բաժակի ձևը։ Եթե լցնենք մեկ այլ անոթի մեջ, ապա կընդունի այդ անոթի ձևը, բայց նրա ծավալը կրկին կմնա 50 մլ։ Դա նշանակում է, որ մի անոթից այլ անոթ տեղափոխելիս հեղուկի ծավալը պահպանվում է, բայց ձևը փոխվում է՝ ընդունում է այն անոթի ձևը, որտեղ լցված է:
Հեղուկները պահպանում են իրենց ծավալը, բայց ձևը՝ ոչ։ Սա հեղուկների հատկություններից է:
Դիտարկենք գազային վիճակում գտնվող նյութերից օրինակ՝ օդի նմանատիպ հատկությունը: Եթե օդով լի գնդակը սեղմենք, ապա նրա ձևը կփոխվի, և բնականաբար այդ նույն ձևը կստանա նաև նրանում եղած օդը: Եթե գնդակի ծավալը փոքրացնենք՝ նրա մի մասը սեղմելով, ապա այդ նույն ծավալը կստանա նաև նրանում եղած օդը: Դժվար չէ հետևություն անել, որ գնդակի մեջ լցված օդն ընդունում է տվյալ գնդակի ձևն ու ծավալը: Գնդակի ձևի ու ծավալի փոփոխությունից փոփոխվում են նաև նրանում եղած օդի ձևն ու ծավալը:
Գազերը չեն պահպանում ոչ իրենց ձևը, ոչ ծավալը և զբաղեցնում են իրենց տրամադրված ողջ տարածքը։
Սա գազերի հատկություններից է:

Հետաքրքիր փորձեր ջրի հետ:

Առաջադրանք 1
Թվարկե՛ք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ-աթոռ, մուրճ

բ)հեղուկ-հյութ, ջուր,

գ) գազային-օծանելիք, սպիրտ

Առաջադրանք 2
Թվարկե՛ք առնվազն 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։

կավ, ապակի, թուղթ, պլաստիկ, փայտ։

Առաջադրանք 3
Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում` պինդ —  հեղուկ  — գազային
Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին, փայտ, պողպատ, արծաթ:

պինդ-պղինձ,ոսկի, ապակի, փայտ, պողպատ, արխարթ։

գազային-թթվածին, գոլորշի, ջրածն։

հեղուկ-ջուր, կաթ, նավթ։

Մարմիններն ու նյութերը մեր շրջապատում

Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդա­նիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարե­լի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:

Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:
Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:
Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապա­կին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստ­ված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատ­րաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր իրեր։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։
Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատ­րաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։
Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լի­նել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:
Նյութերը բաժանվում են երկու խմբի  օրգանական և անօրգանական։
Օրգանական նյութերը  գերակշռող են բուսական և կենդանական աշխարհներում: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստա­նում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագոր­ծումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյու­թերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղա­նին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։
Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծա­գում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։

Հարց 1

Սյունակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝

ՄարմիններՆյութեր
 գնդակ պղինձ
 գիրք ոսկի

Հարց 2

Թվարկե՛ք երկու  նյութ, որոնցից  կարելի է պատրաստել բաժակ, քանոն :

բաժակ-ապակի,կավ

քանոն-երկաթ,փայտ

Հարց  3

Թվարկե՛ք երեք առարկա, որոնք  կարելի է ապակուց պատրաստել:

բաժակ, ծաղկաման, սեղան

Ինչ է բնությունը

водопад+Трчкан

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում՝ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ՝ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

Առաջադրանք

  1. Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։Տաք եղանակին ջուրը գոլորշիանում է,բարձրանում է երկինք,սառչում է և կարկուտի տեսքով հետ է գալիս երկիր ու վնաս հասցնում բնությանը։
  2. Ըստ դասանյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ: անկենդան-հող,ջուր,քար կենդանի-խոտ,ծաղիկ,ծառ

Ինչ է տնտեսությունը. մաս 2

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե՛մեկով, և թե՛ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
  2. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:
  3. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
  4. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Ինչ է տնտեսությունը. մաս 1

Բնության բարիքներից բացի  մարդիկ այլ կարիքներ էլ ունեն,  ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության,  կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր  իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն:
Տնտեսությունը կազմող  մասերն են՝  
գյուղատնտեսությունը՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները, արդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը և իհարկե՝ մարդու աշխատանքը:  Այս բոլոր մասերը փոխկապակցված են:                   
Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:
Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել: Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:
  2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:

Բակտերիաների դերը բնության մեջ

Մաս 1

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Մաս 2
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:
  2. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
  3. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
  4. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
  5. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
  6. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:
  7. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ :

Հողը

Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն է: Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հողն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց: Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստությունը: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: Հողը հաճախ ենթարկվում է  քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր:
Հողի քայքայում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ ուժեղ քամին է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:

Բույսերն իրենց արմատներով հողը պահում են լվացումից ու քամուց:  Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում: Մյուս կողմից՝ բույսերն անընդհատ հողից սնունդ վերցնելով՝ պակասեցնում  են նրա բերրիությունը: Որպեսզի հողի բերրիությունը պահպանվի, մարդիկ  այն պարարտացնում են:
Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության: Հողի գլխավոր հատկանիշը բերրիությունն է՝ բերք  տալու կարողությունը: Տարբեր վայրերում տարբեր հողատեսակներ կան: Տարբեր է նաև դրանց բերրիությունը:
Որքան շատ է հողում հումուսի քանակը, այնքան բերրի է հողը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան  հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար:
Երկրի  վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք  է պահպանենք այդ հարստությունը:

Հարցեր
1Փորձե՛ք պարզել, թե ինչի՞ց է կազմված հողը:

Ձմեռային ճամբարային ամփոփում

Ես բնագետ- հայրենագետների ջոկատից եմ, այնտեղ շատ լավ է: Մենք գնացել ենք սահադաշտ, իրականացրել ենք մի շարք փորձեր ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիայում: Մարզական խաղեր ենք խաղացել: Սովորել ենք ազգային երգեր և պարեր: